«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանին և նրա մերձավորներին պատկանող «Հրաշք այգի» ռեստորանում օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Դեղձուտ համայնքի վարչական շրջանի ղեկավար Յուրիկ Մուրադյանի կողմնակիցների և նախկին ու ներկա ոստիկանների միջև։ Ականատեսների պատմելով՝ համայնքապետն ու նրա մտերիմները, ավելի կոնկրետ՝ հարազատներից ՆԳՆ աշխատակից Ռաֆիկ Մովսիսյանը, ծեծի են ենթարկել Երևան քաղաքի հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակից՝ կարմիր բերետավոր Տաճատ Նորատունկյանին։
«Նորատունկյանին սեփական կնոջ աչքի առջև ծեծի են ենթարկել, «բազարը» շարունակվել է Դեղձուտում, սակայն քանի որ համայնքի ղեկավարն իշխանությունների մոլի աջակիցն է, իրավապահներն աչք են փակել գյուղում քննարկվող այս միջադեպի վրա, և փաստով գործ չկա հարուցված։ Ի դեպ, գյուղապետը նախկինում էլ ՀՀԿ-ի «տասովշչիկներից» էր»,- գրում է թերթը։
Թերթը համայնքապետից հետաքրքրվել է, թե ինչից է առաջացել վեճը։ Նա սկզբում հերքել է միջադեպի փաստը, ապա խոստովանել՝ պնդելով, որ ոչ թե ինքն է մասնակցել, այլ՝ ուրիշը․ «Մենք՝ բոլորս, մի խնջույքի էինք մասնակցում, կարծեմ՝ մատաղի արարողություն էր, չգիտեմ, թե ինչ պատճառով է եղել միջադեպը»: Այլ հարցերի Մուրադյանը չի պատասխանել: