Հայաստանն ու Չեխիան կստեղծեն ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում։
«Համաձայնագիրն ստորագրվել է 2019թ․ ապրիլի 9-ին՝ Երևանում: Սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացները, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիմնական կարգավորումները ներկայացնելիս ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ:
Բացի այդ, նշվում է, որ հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանն առաջարկել է կողմ քվեարկել համաձայնագրի վավերացմանը։