Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը բաց նամակ է գրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, նշել, որ Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր բնօրինակ լուսանկարներ է կարողացել փրկել ոչնչանալուց։ Դրանք, Դեմոյանի խոսքով, գտնվում էին զուգարանի թղթի արտադրամասում։
«Բոլորովին վերջերս պարզել եմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր բնօրինակ լուսանկարներ հայտնվել են թղթի վերամշակման արտադրամասում, իսկ ավելի ստույգ՝ զուգարանի թղթի արտադրամասում։ Լուսանկարչական այդ նյութը առնչվում է Հայրենական պատերազմում հայերի մասնակցությանը և հիմնականում արված է 1941-1945 թթ․՝ ներկայացնելով հայ զինվորների ու սպաների, օդաչուների, զորահրամանատարների բնօրինակ լուսանկարները»,- ասվում է բաց նամակում։
Դեմոյանի խոսքով՝ իր ձեռքի տակ են գտնվում նույն արտադրամասում հայտնված և պետական հաստատությունների կնիքներ կրող գրականության, լուսանկարչական միավորների ու փաստաթղթերի նմուշներ, որոնք միտումնավր տարվել են նույն արտադրամաս ոչնչացնելու նպատակով։ Դրանց մեջ են ԲՈՒՀ-ական գրադարանի միավորներ, Հայաստանի թատերական ընկերության գրադարանի և արխիվի միավորներ, ինչպես նաև ԳԱԱ արխիվային հավաքածուի միավորներ։
«Այս նողկալի երևույթի ակունքները պարզելու և մեղավորներին պատժելու համար պետք է ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։ Հարկավոր է պարզել, թե ի՞նչ եղանակով և ու՞մ միջոցով են միտումնավոր կերպով ու հետևողականորեն ոչնչացվում խիստ կարևոր ու արժեքավոր այս հավաքածուները»,- գրել է նա։
ԳԱԱ պատմության ինստիտուտը պարզաբանում է տարածել՝ նշելով որ Ինստիտուտը տեղեկություններ չունի այդ լուսանկարների վերաբերյալ և վերոնշյալի մասին պաշտոնական գրությամբ տեղեկացվել է ակադեմիայի նախագահությանը։
«Դեռևս 1943թ. ակադեմիայի նախագահության նախաձեռնությամբ ինստիտուտում ստեղծված Հայրենական մեծ պատերազմի պատմության կաբինետը գոյություն է ունեցել մինչև 1970-ական թթ., երբ հիմնադրվել է Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժինը։ 1992 թ. բաժիններին փոխարինել են գիտահետազոտական թեմատիկ խմբերը։ 1990-ական թթ. սկզբներից Հայրենական մեծ պատերազմին վերաբերող նյութերը պարբերաբար արխիվացվել են Հայաստանի ազգային արխիվի կողմից, որոշ մասը տրամադրվել է Հայաստանի ազգային գրադարանին, մնացածն էլ պահվում է պատմության ինստիտուտում»,- ասված է պարզաբանման մեջ։
Ըստ ինստիտուտի պարզաբանման, ինչ վերաբերում է վաղուց լուծարված՝ Հայրենական պատերազմի պատմության կաբինետի եռանկյունաձև կնիքով լուսանկարներին, որոնց մասին նշված է համացանցում հայտնված գրառման մեջ, ինստիտուտը տեղեկություններ չունի։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակել, որում, ըստ հրապարակման, «Ծիծեռնակաբերդի բակում այրվում և ոչնչացվում են Ցեղասպանության մասին թերթեր, թերթեր և լուսանկարներ»։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) արձագանքել էր սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնված տեսանյութին, նշվում էր, որ տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են։