ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2022 թվականի եկամուտների հաշվետվությունը։ Այն հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ նախորդ տարի վարչապետը չի ունեցել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, բաժնետոմսեր և այլ ներդրումներ, ինչպես նաև թանկարժեք գույք (ավելի քան 4 մլն դրամ)։
Որպես եկամուտ Փաշինյանը նշել է վարչապետի պաշտոնում իր աշխատավարձը՝ 12 մլն 837 հազար 503 դրամ (մոտ 33 հազար դոլար)։
Վարչապետը հայտարարագրել է բանկային ավանդ՝ 3 միլիոն 15 հազար դրամ (մոտ 7800 դոլար), ինչպես նաև կանխիկ՝ 800 դոլար և 800 հազար դրամ (ավելի քան 2 հազար դոլար)։
Նաև Փաշինյանի հաշիվների մնացորդները կազմել են 114,7 դրամ (մոտ 30 ցենտ), 27701,8 դրամ (70 դոլարից ավելի), 154 562,5 դրամ (ավելի քան 400 դոլար), ինչպես նաև՝ 3,84 դոլար։
Բացի այդ, հայտարարագրի համաձայն՝ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, 2009 թվականից 50 տոկոս բաժնեմաս ունի «Մեր տպարան» ՍՊԸ-ում, նա նաև ընկերության տնօրենն է։