ՌԴ իրավապահների հետ բանակցություններ են գնում՝ Հայաստանում վերջերս ձերբակալված քրեական հայտնի հեղինակություններից մեկին Միհրան Պողոսյանի հետ փոխանակելու շուրջ, հայտնել է «Հրապարակ»-ը:
«Ձերբակալվածի ինքնությունը մեզ չհաջողվեց պարզել, նա ազգությամբ հայ է, ՌԴ քաղաքացի, բայց Ռուսաստանի համար անչափ կարեւոր է նրան ստանալը, ուստի չի բացառվում, որ փոխանակումը տեղի ունենա»,- գրել է թերթը։
Շաբաթներ առաջ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանում բյուջեի կատարողականի գաղտնի ռեժիմով փակ քննարկման ժամանակ պատգամավորներին վստահեցրել էր, որ Հայաստան բերված մեկ տոննա կոկաինի գործով կասկածյալ Միհրան Պողոսյանին հաստատ ՌԴ իշխանությունները հանձնելու են Հայաստանին։
ԴԱՀԿ նախկին պետը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը «հեղափոխությունից» հետո, քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով, ապաստանել է ՌԴ-ում։ Հայտնի է, որ ՌԴ-ն չի արտահանձնում իր հարկի տակ ապաստանած Գեւորգ Կոստանյանին, Միքայել Հարությունյանին, Միքայել Մինասյանին, Ռուբեն Հայրապետյանին եւ այլոց։
Հիշեցնենք, որ թմրամիջոցի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ԱԱԾ-ից հայտնում են, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ։ Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, իսկ Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշենք, որ «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն է։ Մայիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Էկվադորից մեկ տոննա կոկաինի մաքսանենգության սխեման: Խոսքը 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաինի մասին է. «Հայկական միրգ ներկրող ընկերության կողմից պատվիրված թմրամիջոցների բեռը երկիր է ժամանել Էկվադորից՝ տարանցիկ ճանապարհով Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով»,- մանրամասնել էր գերատեսչությունը։
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել էր թմրանյութ տեղափոխելու դեպքը՝ հայտարարելով, որ «կոկաինի ներկրման հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում, Հանրապետական կուսակցության անդամ» է։