Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում վերացվել են Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները և թույլատրվել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ, հայտնում է ՍԱՏՄ-ն։
«Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին՝ հայկական կողմի թույլ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով ինչպես նաև հայտնել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են փուլային աշխատանք տանել ՌԴ հայկական կաթնամթերքի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: