Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլական գործարանի ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլը սկսվել է հունիսի 13-ին, երբ, ըստ ՊՆ-ի, ժամը 18:40-ի սահմաններում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխում տեղակայված հայ դիրքապահների ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ երկու օտարերկրացի՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամմադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը վիրավորվել են, նրանց վիրահատել են։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի միտումի մասին։