Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլէկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն ըստ էության շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 16-ի նիստի ժամանակ։
Նա նշեց, որ եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես, և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել Լեռնային Ղարաբաղի։
«Այսինքն Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում։ Նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով։ Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի։ Էլ ինչպես է լինում էթնիկ զտումը»,- ասաց նա։
Փաշինյանը թվարկեց․ արգելակվել է Լեռնային Ղարաբաղի հայերին սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար։
«Այս իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը, ընդ որում ոչ միայն կազմակերպությունների և օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով, և այս ուղղությամբ մեր ջանքերը չպետք է նվազեն»,- ասսաց Փաշինյանը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գալիք հանդիպման մասին և ասել է, թե ինչ է ակնկալում այս հանդիպումից։
«Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում և հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա»,- ասաց նա:
Նա նշեց Ստեփանակերտ-Բաքու երկխոսության կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը։ «Շարունակում ենք կարծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է և պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։ Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակն է ֆիքսել սահմանազատման հիմքն ու ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։
«Ուզում եմ նաև ընդգծել, որ առավելևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություն տեղծելու փորձերը անընդունելի են և անհասկանալի։ Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը․ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին»,- նշեցնա։
Փաշինյանը անդրադարձավ նաև տարաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին։ «Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշջրանի տրանսպորտի և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ Հայաստանը պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։ Կրկին ընդգծում եմ, որ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։