Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի կողմից զինծառայողների մարտական պատրաստվածության ստուգումներ են իրականացվում, հայտնել են ՊՆ-ից։
ՊՆ-ում հստակեցրել են, որ ստուգումներն իրականացվում են 2023 թվականի 1-ին կիսամյակում զորքերի պատրաստության աստիճանը գնահատելու և ամփոփելու շրջանակներում։
ՊՆ լրատվական ծառայությունը հավելել է, որ ստուգումներին ներգրավված են ինչպես համազորային, այնպես էլ զորատեսակների ու հատուկ զորքերի ուժեր ու միջոցներ:
Հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են ադրբեջանցի զինծառայողների՝ Հակարի կամրջի ուղղությամբ առաջ շարժվելու փորձը։ Նրանք Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակ ունեին: Ավելի ուշ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում են Հայաստանի տարածքում տեղադրել Ադրբեջանի դրոշը: Նույն օրը՝ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահը: Հունիսի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։