Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Գերմանիայի նախագահը մասնավորապես կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչը, նրա խոսքով, էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացում:
«Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ և պատրաստ է առանց նախապայմանների բարիդրացիական ու կարգավորված հարաբերություններ հաստատել հարևանների հետ»,-զրույցի ընթացքում նշել է Խաչատուրյանը, որի ընթացքում նախագահներն անդրադարձել են Հարավկովկասյան տարածաշրջանի և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տիրող ընդհանուր իրավիճակին:
Նախագահ Շտայնմայերն իր խոսքում նշել է, որ Եվրոպայի համար գնահատելի են այն ջանքերը, որոնք Հայաստանը ներդնում է խաղաղության հասնելու համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ներկա փուլի վերաբերյալ:
Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին պատրաստ է առանց նախապայմանների շարժվել հարաբերությունների կարգավորման ուղիով: Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու Հայաստանի ջանքերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարեց, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում Է Արցախը, ինչպես նաև անկլավները՝ Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը։