«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում, որի արդյունքում դատախազներ են ազատվել աշխատանքից, իսկ ոմանց մասով ծառայողական քննություն է սկսվել։
Թերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կասեցրել է Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանի լիազորությունները եւ ծառայողական քննություն է սկսել նրանց նկատմամբ։ «Իրավապահները, գաղտնալսելով նրանց, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին»,- գրել է թերթը։
Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։
Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԱԱԾ-ն այս գաղտնալսման արդյունքում մտել է Կոտայքի ու Արմավիրի մարզերի դատախազություն, դատախազներին պառկեցրել գետնին ու սկսել գործողություններ:
Բացի այդ՝ Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի հասցեին, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։
Եվ, ահա, այս գաղտնալսումն էլ պատճառ դարձավ, որ օրերս աշխատանքից ազատվեն դատախազներ Արսեն Մարտիրոսյանը,Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատավազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։