Ադրբեջանը դրական է արձագանքել Հայաստանի առաջարկին՝ երկրների միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ, լրագրողներին հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա հավելեց, որ հանդիպման վայրի, ժամի ու օրվա վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ «Ենթադրում եմ, որ հանդիպումը կկայանա մոտ ապագայում»,- մանրամասնեց Գրիգորյանը։
Փոխվարչապետը պարզաբանել է, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել սահմանների սահմանազատման օրակարգային հարցեր։
Հիշեցնենք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևին հունիսի 17-ին առաջարկ էր ուղարկել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել։
«Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնող ընթացիկ խնդրահարույց հարցերը»,- ասվում էր հաղորդագրության մեջ։