Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար: Մեր պատվիրակությունն ԱՄՆ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»,-ասաց նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, և նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա:
«Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»,-հավելեց Փաշինյանը։
Հունիսի 21-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Ադրբեջանը դրական է արձագանքել Հայաստանի առաջարկին՝ երկրների միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ։
Հունիսի 5-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն Արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հունիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Վաշինգտոնում նախատեսվող Երևան-Բաքու քննարկումների հերթական փուլը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։
Մանրամասները՝ տեսանյութում։