Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին, ինչի հետևանքով հայկական կողմը վիրավոր ուինի։
«Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը»,-հայտնել են ԱՀ ՊՆ-ից։
Տեղեկացնում են, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Սահմանին առկա լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են ադրբեջանցի զինծառայողների՝ Հակարի կամրջի ուղղությամբ առաջ շարժվելու փորձը։ Նրանք Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակ ունեին: Ավելի ուշ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում են Հայաստանի տարածքում տեղադրել Ադրբեջանի դրոշը: Նույն օրը՝ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահը: Հունիսի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։