Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Նշվում է, որ միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ վերոնշյալ հայ զինծառայողները գտնվում են 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառած ընդհանուր միջանկյալ միջոցների պաշտպանության տակ, որը տարածվում է բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո:
Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է մարտական դիրքեր սնունդ առաքող երկու զինծառայողների հետ կապի կորստի մասին։ Նույն օրը ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա՝ ադրբեջանական սահմանային ծառայությունը հայտարարեցին, որ «հայկական կողմը դիվերսիոն ներթափանցելու փորձ է կատարել, երկու հայ զինծառայող կալանավորվել է»։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարեց սահմանային գոտում ավտոմեքենայի հայտնաբերման մասին, որով երկու հայ զինծառայողները պետք է սնունդ և ջուր հասցնեին մարտական դիրքեր։ Մայիսի 27-ին պետական սահմանային ծառայությունը և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեցին հայ զինվորականներին կալանավորելու և «հետաքննությանը որպես կասկածյալ ներգրավելու մասին»։
Մայիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ադրբեջանական զինված խումբը խախտել է ՀՀ սահմանը և առևանգել 2 զինծառայողի, որոնց հետ կապը կորել է մայիսի 26-ին։ Մայիսի 28-ին ադրբեջանական դատարանը Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին ձերբակալելու որոշում է կայացրել։