Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում հունիսի 23-ին «ատրճանակ» ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը (289 միավոր) և Էլմիրա Կարապետյանը (292 միավոր) 10 մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում միասին խոցելով 581 միավոր՝ անցել են եզրափակիչ: Եզրափակչում զիջելով միայն Իտալիայի թիմին՝ հրաձիգները դարձել են արծաթե մեդալակիր, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Նախորդ օրը՝ անհատական պայքարում մարզիկները՝ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը, չեն կարողացել նվաճել Լեհաստանում մեկնարկած Եվրոպական խաղերի գնդակային հրաձգության մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։ 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում Էլմիրա Կարապետյանը վաստակել է 572 միավոր և 38 մասնակցի մեջ զբաղեցրել 12-րդ տեղը:
Նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում 573 միավորով գրանցել է 22-րդ արդյունքը (36 մասնակցի մեջ) և դուրս մնացել հետագա պայքարից։ Եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել 8 լավագույն արդյունք ցուցադրած մասնակիցները: Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև Երջանիկ Ավետիսյանը (ստենդային հրաձգություն):
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի հրաձգության մրցումները վարկանշային են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Էլմիրա Կարապետյանն ունի օլիմպիական ուղեգիր, որը նվաճել է 2022 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղ գրավելու շնորհիվ։
Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին մասնակցում է 57 մարզիկով։ Նրանք մասնակցում են խաղերի ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերից 9-ի՝ աթլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի և սուսերամարտի մրցումներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կարատե մարզաձևի Անիտա Մակյանը դարձել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի բրոնզե մեդալակիր։