Սննդաբան Պավել Կորսուկով պատմել է, որ գոյություն ունի երեք սովորություն, որոնք կարող են շատ խանգարել նիհարելու գործընթացին, գրում է primamedia.ru-ն։
Դրա համար, ըստ սննդաբանի, արժե ուշադրություն դարձնել ձեր ամենօրյա սննդակարգին, հակառակ դեպքում քաշը չի նվազի նույնիսկ մեկ գրամով։
Դիետոլոգ Պավել Կորսուկովը նշել է է, որ նիհարելու գործընթացում մարմնի վրա ցանկացած մանրուք իր ազդեցությունն է ունենում։ Այդ իսկ պատճառով սլացիկ կազմվածք ունենալու և այն պահպանելու համար նա խորհուրդ է տալիս հրաժարվել մի շարք վատ սովորություններից։
«Նախ, պետք չէ բաց թողնել նախաճաշը։ Գիտնականների հետազոտության համաձայն՝ նախաճաշից հրաժարվող մարդիկ մնացած օրվա ընթացքում 40 տոկոսով ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում: Մարդիկ, որոնք սովոր են առավոտյան շատ քիչ քանակությամբ սնունդ ուտել, կարող են հասուն տարիքում առողջական լուրջ խնդիրների բախվել»,-պատմել է սննդաբանը։
Խորհուրդ չի տրվում քաշի կորստի համար խիստ ժամկետներ սահմանել: Փորձագետը նշել է, որ նիհարելու գործընթացը կարող է տևել երեք ամիս և ավելի։ Ուստի շատ դժվար կլինի մեկ-երկու շաբաթվա ընթացքում ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց առողջության համար բացասական հետևանքների։
Նա նաև շեշտել է, որ պետք է արագ չսնվել։ Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր սովոր են շատ արագ սնվել, ավելի հաճախ կարող են տառապել ավելորդ քաշից: