Ռուսաստանից դեպի այլ երկրներ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գները հունիսի 24-ի կտրուկ թանկացումներից հետո կարգավորվել են, Ria.ru-ին հայտնել են «Яндекс Путешествия» ընկերության մամուլի ծառայությունից:
«Այսօր, օրինակ, դեպի Երևան միակողմանի տոմսերի արժեքն ուղիղ չվերթների դեպքում սկսվում է 43 հազար ռուբլուց (մոտ 200 հազար դրամ-խմբ․), մինչդեռ երեկ ուղիղ չվերթները մի քանի անգամ ավելի թանկ էին։ Նույն իրավիճակն է նկատվում Ռուսաստանից այլ ուղղություններով տոմսերի դեպքում»,-ասել են ծառայությունում։
Նաև նշել են, որ հունիսի 26-ին դեպի Երևան տոմսերի արժեքն արդեն սկսվում է 22 հազար ռուբլուց, հունիսի 27-ի համար տոմսերի դեպքում՝ 20 հազար ռուբլուց։ Իսկ արդեն մեկ շաբաթ անց, ըստ ընկերության, ուղիղ չվերթների համար տոմսերի արժեքներն սկսվում են 17 հազար ռուբլուց։
«Հունիսի 25-ին Մոսկվայից մեկ ուղղությամբ մեկ անձի համար դեպի Ստամբուլ ավիատոմսերի միջին գներն սկսվում են 9,7 հազար ռուբլուց, մինչդեռ երեկ ուղիղ չվերթի միակողմանի մեկ տոմսի արժեքը միջինը 40 հազար ռուբլի էր»,-հավելել են ծառայությունում։
Նշենք, որ երեկ Մոսկվայից Երևան մեկ ուղղությամբ ուղիղ չվերթով տոմսերի գները որոշ դեպքերում անգամ գերազանցել էին 2 միլիոն դրամը։
Հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը կոչ էր արել զինված ապստամբություն սկսել ռուսական ռազմական ղեկավարության դեմ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ, ըստ նրա, ՌԴ ՊՆ-ն հարվածել է «Վագների» ճամբարին, ինչի արդյունքում նրա մարտիկները զոհվել են։
Հունիսի 24-ին ՌԴ ՊՆ-ն հերքել էր վերոնշյալ տեղեկությունը։ ՌԴ ՊՆ-ն խոհեմություն ցուցաբերելու և իշխանություններին դիմելու համար «Վագների» մարտիկներին խոհեմություն ցուցաբերելու կոչ էր արել՝ նշելով, որ նրանց խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ։ «Վագներ» խմբավորման ղեկավարի անունից զինված ապստամբության կոչերով հայտարարությունների առնչությամբ Ռուսաստանում քրգործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն՝ խոստանալով, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն։
Հունիսի 24-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ «Վագների» ղեկավարն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել խմբավորման տեղաշարժը Ռուսաստանում և թուլացնել լարվածությունը։
Հունիսի 25-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական երաշխավորությամբ Եվգենի Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի։