ԵՄ երկրների արտգործնախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
Տեղեկության համաձայն՝ ԵՄ Խորհրդի արտգործնախարարների մակարդակով հանդիպման ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ընթացիկ աշխատանքին։
ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջին բանակցությունները Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ տեղի են ունեցել հունիսի 1-ին՝ Քիշնևում։ Դրանց մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը։ Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 21-ին՝ Բրյուսելում։