«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի նկատմամբ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունում զինված ապստամբության փաստով հարուցված քրեական գործը կարճվել է, հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով ծառայության հանրային կապերի բաժնին։
«Քրեական գործի քննության ընթացքում զինված ապստամբության փաստով պարզվել է, որ դրա մասնակիցները հունիսի 24-ին դադարեցրել են այն գործողությունները, որոնք անմիջականորեն ուղղված են հանցագործության կատարմանը»,- պարզաբանել են գերատեսչությունում:
Հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը կոչ էր արել զինված ապստամբություն սկսել ռուսական ռազմական ղեկավարության դեմ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ, ըստ նրա, ՌԴ ՊՆ-ն հարվածել է «Վագների» ճամբարին, ինչի արդյունքում նրա մարտիկները զոհվել են։
Հունիսի 24-ին ՌԴ ՊՆ-ն հերքել էր վերոնշյալ տեղեկությունը։ ՌԴ ՊՆ-ն խոհեմություն ցուցաբերելու և իշխանություններին դիմելու համար «Վագների» մարտիկներին խոհեմություն ցուցաբերելու կոչ էր արել՝ նշելով, որ նրանց խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ։ «Վագներ» խմբավորման ղեկավարի անունից զինված ապստամբության կոչերով հայտարարությունների առնչությամբ Ռուսաստանում քրգործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն՝ խոստանալով, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն։
Հունիսի 24-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ «Վագների» ղեկավարն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել խմբավորման տեղաշարժը Ռուսաստանում և թուլացնել լարվածությունը։