Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նիստում հայտնել է 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում հարուցված քրեական գործերի թիվը:
Նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմի ու հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության կարգի դեմ, ինչպես նաև այլ հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթները վերաբերում են շուրջ 12 600 անձի։
Փաշինյանի խոսքով՝ քրգործերն առնչվում են քաղաքացիների, զինծառայողների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելուն, հրաման չկատարելուն, ինչպես նաև դասալքությանը։
Դասալիքների թիվն առաջին անգամ հրապարակել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ 2023-ի ապրիլին։ Նա հայտարարել էր, որ «44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, որոնց թվում կային կամավորներ, սպաներ և այլն»։