Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը, որից հետո հանդես է եկել ապատեղեկատվությամբ, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Հրադադարի խախտումից հետո Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 27֊ի ժամը 20։05-ի սահմաններում նույն վերը նշված ուղղությամբ կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով իբր հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԶՈւ֊ն հրադադարը հերթական անգամ խախտել է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում էր ստացել Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
Ավելի վաղ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Արցախում ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։