Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է խախտել հրադադարը` կիրառելով ականանետեր Կիչան համայնքի և Ճանկաթաղի ուղղությամբ, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հայկական կողմը կորուստներ չունի, միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը, որից հետո հանդես է եկել ապատեղեկատվությամբ։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ։