Արցախի ԱԺ-ն հունիսի 28-ի նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը:
Հակառակ պարագայում, ըստ հայտարարության, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն;
ԱԺ-ն իր հայտարարությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ հորդորել է ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները:
«Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի»,- ասել է ԱԺ նախագահը՝ ներկայացնելով հայտարարությունը:
Մեկ այլ կոչ է հնչեցվել Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնելու Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները:
«Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ»,- նշել է Թովմասյանն ու հավելել, որ դա ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ, հայտնել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: