Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
«Արցախի Հանրապետության և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային հանրության կոչերին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և չեն կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը»,- շեշտել է Արցախի նախագահը:
Ընդգծվել է Արցախի մշտական պատրաստակամությունը խաղաղ կերպով լուծելու առկա հիմնախնդիրները և զերծ մնալու փխրուն իրավիճակի լարումից:
Նշվում է, որ Հարությունյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նպատակաուղղված Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը:
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Ավելի ուշ Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: