ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին կոչ է արել «շարունակել առաջընթաց գրանցել խաղաղության ճանապարհին, խուսափել սադրանքներից», նա այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Կոչ եմ արել խուսափել սադրանքներից և լարվածության դեէսկալացիայից՝ վստահության ամրապնդման նպատակով»,- գրել է Սալիվանը։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Ավելի ուշ Արցախի ԱԺ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ էր արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման 5 դեպքի մասին։
Հունիսի 27-ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ էր վարել Բլինքենի հետ։ Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։