Ադրբեջանն իրադրությունը սրելու, ԼՂ-ն հայաթափելու քաղաքականություն է վարում, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադրադառնալով Արցախի ուղղությամբ սադրանքին, ինչի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։
Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ընկերներին՝ Փաշինյանն ընդգծել է, որ այդ ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե, իբր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը:
«Ադրբեջանի սադրանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը չեզոքացնելու նպատակ ունի, մեր կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»,- հավելել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի գործելակերպն ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված 2256 բանաձևն է:
«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով, և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն՝ ԵԽ գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով»,-հայտարարել է Փաշինյանը։
Նա հայտարարել է նաև, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակում է Ադրբեջանի ԱԳՆ պատվիրակության հետ բանակցությունները։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Ավելի ուշ Արցախի ԱԺ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ էր արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման 5 դեպքի մասին։
Հունիսի 27-ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ էր վարել Բլինքենի հետ։ Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։
Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։