Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հերթական անգամ խախտել է հրադադարը և հանդես եկել ապատեղեկատվությամբ։
«Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկա։
Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքել են Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունները։ Ավելի ուշ Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։