ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի հայտարարությունները, որոնք վերաբերում էին 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին:
Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակը նշել է, որ Օնիկ Գասպարյանն իր հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը։
«Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները` չընդգծելով Թուրքիայի գործոնը: Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները»,- ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել, սակայն Գասպարյանը չի կարողացել ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը և խոստումը։
«Գասպարյանը նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել: Հետագայում, 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրները չի ունեցել: Չնայած սրան պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը եւ խոստումը»,- հավելել է ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակը:
Ավել վաղ գրել էինք, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատասխանել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրություններին։
«Կառուցողական». Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Բաքվի առաջարկի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի առաջարկի նկատմամբ։ «Կառուցողական: Մենք հասկանում...