Էկոնոմիկայի նախարրությունը նախատեսում է, կանոնակարգել ձմերուկի և սեխի՝ կտրված կամ մասերով վաճառքն արգելել, քանի որ վաճառողները շատ դեպքերում կտրված կամ մասերով վաճառքի դեպքում չեն պահպանում հիգիենայի կանոնները, տեղեկանում ենք E-draft-կայքից։
Ըստ նախագծի՝ չկա երաշխիք, որ կտրելուց առաջ ձմերուկը կամ սեխը լվացված դանակո՞վ են կտրել, թե ոչ և արդյո՞ք դրանից առաջ ուրիշ ապրանք չի կտրվել։
«Այս համատեքստում, չպահպանելով հիգիենիկ նորմերը, հատկապես շոգ եղանակին նպաստավոր պայմաններ է ստեղծվում միկրոօրգանիզմների բազմացմանը՝ առաջացնելով աղիքային տարբեր խանգարումներ և հիվանդություններ։ Հաջորդ փոփոխությամբ կփոփոխվի ճաշացուցակին ներկայացվող պահանջները՝ ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորություն գցող գործողությունները»,- ասված է նախագծում։
Կտրված ձմերուկը և սեխը, նախագծի համաձայն, համարվում են արագ փչացող ապրանք և պետք է պահպանվեն սառնարանում, մինչդեռ դրանք վաճառվում են ոչ սառնարանային պայմաններում։ Միաժամանակ բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ ստացիոնար վայրերում (տոնավաճառներում, տաղավարներում) վաճառվում է գետնի վրա դրված, առանց ծածկի կամ հովանոցի՝ ուղիղ արևի ճառագայթների տակ, ինչը նույնպես վտանգ է հանդիսանում մարդու կյանքի և առողջության համար։
Նախագծում կատարվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքի վաճառքին հանրային սննդի օբյեկտներում, մասնավորապես պանրի վաճառքի դեպքում ճաշացուցակում տարանջատված և նշված չեն կաթնամթերքը պատրաստված է բնական հումքով, թե կաթնային յուղի փոխարինիչով։
«Բոլորին հայտնի է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը։ Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ գցող գործողություն է և քանի որ ճաշացուցակում չկա հստակ տարանջատում, տվյալ դեպքում սպառողը ավելի թանկ վճարելով գնում է ավելի էժան արտադրանք»,- ասված է նախագծի տեքստում։
Այսպիսով՝ ըստ նախարարության՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ճաշացուցակին ներկայացվող պահանջները և կատարել լրացում նշելով նաև սննդային արժեքը, էներգետիկ արժեքը, քանի որ վերջին ժամանակներում սպառողները մեծ ուշադրություն են դարձնում սննդամթերքի կալորիականությանը։