Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյյոնից պահանջել է պաշտոնական հաստատել կամ հերքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը։
«Բոյյոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հետ կապված «Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու» մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ։ Դեսպանի ուշադրությանն է ներկայացվել Բաքվի դիրքորոշումը, այն է, որ Մակրոնի խոսքերը, որոնք հրապարակվել են հայկական լրատվամիջոցներում, պետք է պաշտոնապես հաստատվեն կամ հերքվեն»,- ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի դեսպանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ ինքը տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ։
ՀՅԴ գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Մակրոնը հունիսի 28-ին Մարսելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի հարցում Ֆրանսիայի վճռականության մասին։ «Ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և կշարունակեմ գործադրել Ալիևի վրա, քան ինքը՝ Փաշինյանը։ Ես միակն եմ, ով Արցախի հարցում հստակ դիրքորոշում ու ուղերձ ունի։ Չկասկածեք իմ վճռականության մեջ Արցախի և ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Ես կշարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե միջազգային հանրությունում գրեթե միակը լինեմ այս օրակարգով»,- ասել է Մակրոնը։