Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 29-ին ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը՝ կրակ բացելով Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մոտակայքում գտնվող դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Նույն օրը վարչությունը հայտնել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի դաշտերում ադրբեջանական զինուժի կողմից կոմբայնի գնդակոծման մասին։