Արցախի իշխանությունը նամակ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը, հաստատել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, որը, սակայն, նամակի բովանդակության մասին մանրամասներ չի հայտնել։
«Կարծում եմ՝ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման։ Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության»,-գրել է Պետրոսյանը։
Նշված տեղեկության, նամակի բովանդակության շուրջ մանրամասներ ճշտելու համար Armenia Today-ը փորձեց կապ հաստատել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Հուլիսի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար բոլոր փոխադրումները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։ Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը