Այսօր՝ հուլիսի 4-ին, նշանավոր հայ դերասան, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին, մեծացել Գյումրիում:
Սերն արվեստի ու հատկապես թատրոնի նկատմամբ արտահայտվել է դեռ մանկուց, երբ հաճախում էր նկարչության, երաժշտության և թատրոնի խմբակներ:
Մհեր Մկրտչյանը հայ կինոյի այն ինքնատիպ դերակատարներից էր, ով համադրում էր դրամատիզմն ու կատակերգությունը, միաժամանակ և՛ ուրախ էր, և՛ տխուր: Այդ ամենի հիանալի դրսևորումներն են «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Ռուբենի դերակատարումը, «Հին օրերի երգը»-ում Նիկոլի, «Նվագախմբի տղաները» ֆիլմում Արսենի, «Եռանկյունի»-ում Գասպարի դերակատարումն ու այլ շատ դերեր, որոնց բոլորին էլ հայ ժողովուրդը վերաբերվում է առանձնահատուկ ջերմությամբ: Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները» ֆիլմերում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։
«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ` ինչո՞ւ, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ախր, առանց հեծանիվ ի՞նչ մանկություն,- մի առիթով հիշել է Մհեր Մկրտչյանը:- Ես չհասցրեցի մանկություն ունենալ, չհասցրեցի խաղալիք, երեխա, մանկություն եւ այլն: Սկսեցի լուրջ բաներ լսել: Ապշելու բան էր… Ճանաչման հասա կինոյով, բայց կինոյի 10 դերը չեմ փոխի թատրոնի հետ. թատրոնն աղոթքի տեղ է, թև ու թռիչք է, Աստծու, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում»,-մի անգամ ասել է Մկրչտյանը։
Մեծ դերասանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության ուղու վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից: