Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի միջև համաձայնեցման արդյունքում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ ծանոթ չէ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարություններին, թե Բերձոր, Աղավնո և Սուս հայկական գյուղերը Մոսկվայի խնդրանքով Բաքվին են հանձնվել 2022 թվականի օգոստոսին, որպեսզի կանխվի Ադրբեջանի ռազմական գործողությունը, և որ կողմերը փորձում են հակամարտությունը կարգավորել Երևանի միակողմանի զիջումների հաշվին։
«Ես ծանոթ չեմ այդ հայտարարություններին, և հավասարապես ծանոթ չեմ Ձեր նշած պաշտոններին, ուստի՝ չեմ էլ մեկնաբանի դրանք»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
«Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով համաձայնեցման արդյունքում, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Արդար չէ այս հարցի շուրջ խոսել գործողությունների անհամապատասխանության, մեկ կամ երկու կողմերի գործողությունների մասին՝ առանց հաշվի առնելու եռյակից որևէ մեկի կարծիքը»,-ընդգծել է նա։
«Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերով և Լաչինի միջանցքի շրջափակմամբ: Առկա տեղեկատվության համաձայն՝ հումանիտար իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրել, որ մատակարարման դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների»,-փաստել է ռուս դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը քաղաքացիական նպատակներով: Նա նշել է, որ ՌԴ-ն կապեր է պահպանում ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։
«Այդ շփումները շարունակվում են քաղաքական և ռուսական խաղաղապահ զորակազմի մակարդակով։ Շատ բան կախված է հենց կողմերից՝ նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից»,-եզրափակել է ռուսական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։