Արցախի Պաշտպանության բանակի մասին հորինելով և առաջ մղելով կեղծ խոսույթներ՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը և ձգտում է նրան զրկել սեփական անվտանգության ապահովման բոլոր միջոցներից և հնարավորություններից, այն էլ՝ Բաքվի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ մշտական սպառնալիքների և ռազմական սադրանքների պայմաններում, հայտնում է ԱՀ ԱԳՆ-ն։
«Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն արցախյան կողմից հրադադարի խախտում երբեք չի արձանագրել՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր դիրքերը գնդակոծելու մասին կեղծ մեղադրանքներ ներկայացնել Արցախի Պաշտպանության բանակի հասցեին և միևնույն ժամանակ սաստկացնել ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությունը՝ դրանով իսկ տեղեկատվական և քարոզչական հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի համար: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն մերժել առաջարկները՝ Արցախ, այդ թվում՝ Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանա տեղում գնահատել իրավիճակը և միջազգային հանրությանը ներկայացնել իրականության օբյեկտիվ պատկերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ համոզմամբ՝ Արցախի նկատմամբ նման անթաքույց ռազմաքաղաքական շանտաժը, այդ թվում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, տրանսպորտային և էներգետիկ ամբողջական շրջափակումը, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի ապօրինի տեղադրումն անընդունելի են և հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման կոպիտ խախտում։
Նշվում է, որ ակնհայտ է՝ որ Ադրբեջանի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները նպատակ ունեն նաև թույլ չտալ, որ ստեղծվեն պայմաններ կողմերի միջև հավասարության ու բարեխղճության վրա հիմնված կառուցողական երկխոսության և հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման համար:
«Լիակատար անպատժելիությունից և ամենաթողությունից ոգևորված՝ Ադրբեջանի իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային հանրության ոչ մի կոչ ու հայտարարություն՝ ապակառուցողական գործողությունների անթույլատրելիության և բոլոր վիճելի հարցերը կառուցողական երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։ Այս առումով անընդունելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո 2020 թվականի պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այս համատեքստում Արցախի ԱԳՆ-ն կրկին անգամ ընդգծել է, որ միջազգային հանրության պատասխանատու անդամները և, մասնավորապես, խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները չպետք է անտեսեն և առավել ևս՝ որոշակի հայտարարություններով խրախուսեն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումները, Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, որը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի գործողությունների պատշաճ և միանշանակ քաղաքական գնահատականը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի միջազգայնորեն հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված հստակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը թույլ կտան պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար։
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ Կարմիր Խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։ Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։