Կեսօրին Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակելով քաղաքացիական անձանց վրա, հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
«Հուլիսի 6-ին ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները, հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ավելի վաղ Արցախի ԱԳՆ հայտարարել էր, որ Բաքուն շարունակում է իր դիրքերը գնդակոծելու մասին կեղծ մեղադրանքներ ներկայացնել Արցախի Պաշտպանության բանակի հասցեին և միևնույն ժամանակ սաստկացնել ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությունը՝ դրանով իսկ տեղեկատվական և քարոզչական հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի համար։