Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «պայմանավորվածությունների խախտում» է անվանել «Ազովի» ուկրաինական գնդի հինգ հրամանատարների՝ Թուրքիայից Ուկրաինա վերադարձը։
« «Ազովի» առաջնորդների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա ոչ այլ ինչ է, քան գոյություն ունեցող պայմանագրերի պայմանների ուղղակի խախտում։ Ավելին, այս դեպքում պայմանները խախտվել են և՛ ուկրաինական, և՛ թուրքական կողմից»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Պեսկովը պարզաբանել է, որ համաձայնագրի համաձայն՝ այդ անձինք պետք է մնային Թուրքիայում մինչև հակամարտության ավարտը։ ՌԴ նախագահի ներկայացուցիչը նշել է նաև, որ ոչ ոք Ռուսաստանին չի տեղեկացրել զինյալների տեղափոխման մասին։
Նրա խոսքով, Թուրքիան ստիպված է եղել գնալ այդ քայլին հակահարձակման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի ձախողումների ֆոնին, ինչպես նաև Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին։ Անկարան իր հերթին համերաշխություն է ցուցաբերում դաշինքի անդամների հետ, Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է։
Հուլիսի 8-ին ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի նախագահի գրասենյակին, հայտնել են, որ Ուկրաինա են վերադարձել «Ազովի» հինգ հրամանատարներ և Ուկրաինայի ԶՈւ 36-րդ ծովային բրիգադը։ Նրանք Թուրքիայում են գտնվում 2022 թվականի սեպտեմբերից՝ այն ժամանակ տեղի ունեցած Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակման շրջանակներում։ Փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ։ Ռուսաստանի Դաշնությունում «Ազովը» ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն և արգելված է։