Արցախյան կողմի հետ գազամատարարման թեմայով որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել, հայտարարել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ բեգլարյանը՝ անդրադառնալով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնմանն ու ժամեր անց այն կրկին ընդհատելուն։
«Թե այս վերականգնման պատճառները որոնք են, մենք միայն կարող ենք ենթադրել, քանի որ բավարար տեղեկություններ չունենք: Մի բան է հստակ, որ այս քայլի գլխավոր նպատակը միգուցե կոնկրետ պահի արտաքին ճնշումը որոշակիորեն նվազեցնելն էր, սակայն վստահ եմ, որ մի շարք այլ նպատակներ էլ են հետապնդել Ադրբեջանի իշխանությունները, օրինակ՝ ցանկացած պահի անակնկալ կերպով միացնել-անջատելու միջոցով հարուցել մշտական անորոշություններ և տարաբնույթ բամբասանքներ ու կասկածներ Արցախի բնակչության շրջանում, որի օգտին է խոսում այսօրվա ընդհատումը: Չեմ բացառում նաև այն հանցավոր դիտավորությունը, որ 109-օրյա անընդմեջ դադարից հետո գազամատակարարման անակնկալ վերականգնումը կարող է լրացուցիչ միջադեպերի ու մարդկային կորուստների պատճառ դառնալ»,-նշել է Բեգլարյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի անակնկալ կերպով վերականգնել ու ընդհատել գազամատակարարումը:
«Եվ այդպիսի պայմաններում մենք պետք է զերծ մնանք լրացուցիչ ներքին տեղեկատվական-հոգեբանական իրարանցում ստեղծելուց՝ թե՛ վերականգնման և թե՛ ընդհատման դեպքում: Ահա այդ նկատառումից ելնելով ու հաշվի առնելով իրավիճակի անորոշությունը՝ երեկ լիազոր մարմինները չեն շտապել պաշտոնական տեղեկություն հրապարակել վերականգնման մասին։ Ամեն դեպքում Ադրբեջանի իշխանությունները պիտի գիտակցեն, որ գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ կենցաղային զրկանքներով չեն կարող մեր բնական իրավունքները խլել մեզնից և կոտրել ազատության մեր ոգին ու կամքը»,-շեշտել է նա՝ ընդգծելով, որ Արցախի լիակատար պաշարումը, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանումները մարդկության դեմ հանցագործության դրսևորումներ են, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը հրատապ ու գործնական միջոցներով պետք է վերացնի այս խախտումները և կանխի հումանիտար աղետի հետագա խորացումը:
«Իսկ դրա կատարման պարտադիր ձևերից մեկը մեր ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն է, քանի որ հումանիտար աղետը զուտ հետևանքն է մեր ժողովրդի քաղաքական իրավունքների ու ազատությունների բռնաճնշման»,-հավելել է Բեգլարյանը։
«Արցախգազ» ՓԲԸ-ն հայտնել էր, որ հուլիսի 8-ին Հայաստանից Արցախ գազի մատակարարումը վերականգնվել է, որն Ադրբեջանը արգելափակել էր մարտի 22-ից։ Ժամեր անց, սակայն, «Արցախգազ» ընկերությունը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար բոլոր փոխադրումները։