Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է հուլիսի 14-ից Արցախում անժամկետ համաժողովրդական խաղաղ պայքար սկսելու մասին։
Իր ուղերձում նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով Արցախում մարդասիրական իրավիճակը օրեցօր վատթարանում է, ինչը կհանգեցնի լուրջ և անդառնալի հետևանքների։
«Բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Վաղը՝ առավոտյան ժամը 9-ին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին»,- մասնավորապես ասել է Ներսիսյանը։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը արգելափակել է մարդասիրական ուղեւորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե պատնեշներ է տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել էր ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին, բայց հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել էր ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ կապված «մաքսանենգության փաստերի» հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն այս գործողություններն անվանել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելու հերթական փորձ։ Հուլիսի 12-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Արցախում ցեղասպանության վտանգի մասին հայտարարելու պահանջով։