Հուլիսի 14-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Մշվում է, որ 8 բուժառուներ, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը արգելափակել է մարդասիրական ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել էր ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին, բայց հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել էր ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ կապված «մաքսանենգության փաստերի» հետ։
Հայաստանի ԱԳՆ-ն այս գործողություններն անվանել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելու հերթական փորձ։ Հուլիսի 12-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Արցախում ցեղասպանության վտանգի մասին հայտարարելու պահանջով։