Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հարցերը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։
Աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպմանը կքննարկվեն օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում՝ մարդասիրական, սահմանների սահմանազատման, խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ:
«Մեր կարծիքով՝ առաջնորդների մակարդակով հանդիպումներն առանցքային նշանակություն ունեն խաղաղության գործընթացի կարգավորման առաջխաղացման և նոր բախումները կանխելու համար»,- հրապարակմանը մեջբերել է ԵՄ պաշտոնյան:
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ բրյուսելյան հանդիպումները չեն հակասում այլ ձևաչափերի բանակցություններին։ «Առաջնորդները հիմնվում և զարգացնում են բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև այլ վայրերում՝ լինի դա Վաշինգտոնում, Բրյուսելում, թե երկկողմ հանդիպումների ժամանակ»,- ասել է աղբյուրը։
Ինչպես հուլիսի 14-ին հայտնել էին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Մամուլի ծառայությունը մանրամասնել է, որ հուլիսի 15-ին Փաշինյանը նախ կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ապա նախատեսված է Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։
Հայամետ կոնգրեսական Փալոնեն COP29-ի ժամանակ ադրբեջանցիների կողմից հետապնդումների է ենթարկվել
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող լրագրողների կողմից Բաքվում հետապնդումների է ենթարկվել, հաղորդում է...