ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի տարածքի մաս «արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները», որոնց ներքո ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի իրավիճակը»,-ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ դիրքորոշմամբ՝ «այս պայմաններում պետք չէ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա, պետք է անհապաղ սկսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ պայմանագրի մաս պետք է դառնան «Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական կատարումը, որոնց թվում նաև հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանազատման գործարկումն է»։
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը։ Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում կայանալիք՝ ՌԴ-ի-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովը»,-ասված է հայտարարության մեջ։
Մտահոգիչ համարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը՝ ՌԴ ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար:
ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս ունի, գործնականում զրկված է էլեկտրա և գազամատակարարումից։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ «այդ իրավիճակը կարող է ամենադրամատիկ հետևանքներն ունենալ Ղարաբաղի հայերի համար»։
Հուլիսի 15-ին Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այն այս պահին դեռ չի ավարտվել։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։