ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը մանրամասներ է հայտնել Բրյուսելում տեղի ունեցած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից։
Կառավարությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին։
«Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր»,-հավելել են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ:
Բրյուսելում ավարտվել է հուլիսի 15-ին մեկնարկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի առաջ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը փոխանցել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին։
Հուլիսի 15-ին հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրատապ ահազանգ-դիմումներ է ներկայացրել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախում անվտանգային ու հումանիտար վերահաս աղետի կանխման նպատակով։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի վարչապետին։
Հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։