Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների, Արևմուտքի ու Ռուսաստանի դիրքորոշումների, Արցախի ու հայաստանի վրա դրանց ազդեցության մասին Armenia Today-ը զրուցել է քաղաքագետ, տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանի հետ:
–Խնդրում եմ մեկնաբանել Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման արդյունքները:
-Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը կարելի է բնորոշել որպես Հայաստանի տոտալ դիվանագիտական ֆիասկո։ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը գնացել է այնտեղ առանց օրակարգի և տրվել է ուրիշների օրակարգերին։ Այսպիսով` մենք տեսնում ենք, որ Միշելը բերեց իր օրակարգը, Ալիևը բերեց իր օրակարգը, միայն Փաշինյանն էր առանց օրակարգի և ուրախանում էր, որ ինչ-որ առաջընթաց կա, բայց այդ առաջընթացը ամբողջապես Հայաստանի ու Արցախի հաշվին է։
Բացի այդ մենք տեսանք, որ Շառլ Միշելը ամենևին պրոհայկական տրամադրված չէ, կասեի՝ հակառակը, պրոադրբեջանական է տրամադրված, ինչի համար աշխարհաքաղաքական հայտնի պատճառներ կան, բայց ամեն դեպքում սա պետք է փաստել, ֆիքսել և իմանալ։ Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք պետք է դա էլ հասկանանք, որ Բրյուսելը չեզոք բանակցային դաշտ չի, և հայերի համար այնտեղ չի կարող համարվել չեզոք տեղ, որովհետև միջնորդը չեզոք չի։
– Դուք ինչո՞վ եք պայմանավորում Փաշինյանի կողմից Արցախի նախագահի նամակը հրապարակայնորեն Միշելին փոխանցելը։ Ի՞նչ կտա դա առհասարակ Հայաստանին, Արցախին։
-Տեսեք, դեռ 96 թվականից Արցախը մասնակցում էր բոլոր բանակցություններին ոչ թե անմիջականորեն, այլ Հայաստանի միջնորդությամբ, այսինքն Հայաստանն էր ներկայացնում Արցախը։ Եվ այս նամակի փոխանցումն էլ դրա դրսևորումներից մեկն է։ Իմ կարծիքով, Արայիկ Հարությունյանը խնդրել էր Նիկոլ Փաշինյանին, որ նա այդ նամակը փոխանցի, նա էլ փոխանցել է, բայց ֆիքսելով այդ պահը, որ դա ոչ թե իր, այլ Արցախի դիրքորոշումն է, և նաև այդ տարբերությունը ընդգծելով, այսինքն Փաշինյանը ոչ թե Արցախը ներկայացրեց, այլ ուղղակի Արցախի կարծիքը փոխանցեց։ Սրանք մի քիչ տարբեր բաներ են։
–Իսկ ռիսկեր տեսնո՞ւմ եք, հաշվի առնելով, որ խաղաղապահներն են հիմա Արցախը պահում փաստացի։
-Եթե խոսքը նամակի փոխանցման մասին է, ապա՝ ոչ։ Հայաստանը բանակցում է, Արցախը պետք է ինչ-որ ձևով այդտեղ մասնակցի։ Այս առումով ոչ, ուրիշ բան է, որ ընդհանրապես Հայաստանի ու Արցախի կարծիքները չպետք է տարբերվեն, իսկ մենք հիմա տրամագծային տարբերություն ենք տեսնում և Արցախի իշխանությունների, խորհրդարանի, կուսակցությունների և բոլոր քաղաքական գործիչների կողմից մենք տեսել ենք բազմաթիվ հայտարարություններ ընդդեմ Փաշինյանի հայտնած դիրքորոշումների և առհասարակ ընդդեմ Փաշինյանի, որովհետև Փաշինյանի դիրքորոշումը մեծապես չի տարբերվում Ադրբեջանի դիրքորոշումից, այսինքն նա դարձել է ադրբեջանական գծին սպասարկող Հայաստան, ցավոք սրտի լինելով այդ պահին Հայաստանի փաստացի ղեկավար։
–Ի՞նչ նպատակ էր հետապնդում ըստ Ձեզ՝ ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ին տարածած հայտարարությունը, ինչու հենց այդ օրը հրապարակվեց և ընդհանրապես, ինչպե՞ս կմեկնաբանեք այն։
-Ռուսաստանը չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Արցախի համար, որը մի կողմից հասկանալի է, որովհետև, ամեն դեպքում Արցախը հայկական հող է, և այդպիսով ակնկալել, որ այդ պատասխանատվությունը իր վրա կվերցնի Ռուսաստանը, իմ կարծիքով, ի սկզբանե հիմարություն էր։ Մյուս կողմից, դա ամեն դեպքում մինչև վերջ բացատրելի չէ, որովհետև, ամեն դեպքում, իրենց շահերից էլ է բխում, որ իրենք այնդտեղ ներկա գտնվեն, այսինքն՝ խաղաղապահ կորպուսը։
Այսպիսով, այստեղ Ռուսաստանը զբաղեցնում է ինչ-որ տեղ ամբիվալենտ դիրքորոշում, ասում է դե դուք որոշեք ես վերջում կմիանամ։ Սա իհարկե միջնորդի համար օրինակելի դիրքորոշում է, բայց քանի որ Ռուսաստանը ոչ միայն միջնորդ է, այլ նաև անվտանգային երաշխավոր, ապա այստեղ մի փոքր արդեն անհասկանալի է դառնում։
Այստեղ ևս մեկ հանգամանք կա, երբ երկու շաբաթ առաջ Մակրոնն էր նման հայտարարություն արել, երբ նա ասել է «Ես ավելի շատ եմ Արցախը պաշտպանում, քան Փաշինյանը, գնացեք իրենից հարցրեք, ես չեմ կարող դա անել», մենք ռուսական կողմից նույնպես նման արտահայտություններ ենք լսում։ Եվ մեծ հաշվով ստացվում է, որ նորից ընդգծվում է այն փաստը, որ Փաշինյանը գործում է ի օգուտ Ադրբեջանի և նրա շահերի, ցավոք սրտի, լինելով այդ պահին Հայաստանի փաստացի ղեկավար։
Այսպիսով, սա ուղղակի ընդգծում է այս հանգամանքը, բայց, նաև ընդգծում է այն, որ Ռուսաստանը պատրաստ չի որևէ լուրջ գործողություններ ձեռնարկել, որպեսզի այս իրավիճակը փոխի։ Օրինակ՝ ավելի կոնկրետ դիրքորոշում զբաղեցնի, ճնշի, որպեսզի բացվի Լաչինի միջանցքը, կամ ինչ-որ այլ գործողություն ձեռնարկի կամ բանակցի ուղիղ Հայաստանի իշխանությունների հետ՝ բացատրելով նրանց ինչ-որ ուրիշ քաղաքական գիծ ընդունել։ Նրանք ուղղակի որպես ստատիստ, այսինքն որպես դիտորդ, այս իրավիճակը ուղղակի անցնում են։ Թե ինչքանո՞վ է դա ադեկվատ, կարծում եմ ադեկվատ չի, դա մեր տեսանկյունից, իսկ ՌԴ ԱԳՆ-ի և իրենց նախագահի աշխատակազմի տեսանկյունից դա շատ ադեկվատ դիրքորոշում է և սա ուղղակի փաստ է։