Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխի խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ կայքի՝ նամակում ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Երասխ գյուղի մոտ իրականացվող աշխատանքների հետ կապված, որոնք կարող են անդրսահմանային հետևանքներ ունենալ, հարուցվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անդրսահմանային համատեքստում» կոնվենցիայով։
«Համաձայն սույն Կոնվենցիայի հավելվածի՝ մետաղաձուլական գործարանները ճանաչվում են որպես գործունեություն, որը կարող է բացահայտ բացասական անդրսահմանային ազդեցություն ունենալ:
Կոնվենցիայիմեկ այլ հոդվածով «Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին ծանուցել շրջակա միջավայրի վրա նշված գործունեության ազդեցության մասին»։ Սակայն Ադրբեջանը, որպես տուժած կողմ, Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել այս նախագծի վերաբերյալ, ասված է նամակում։
Ըստ այդմ՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար: Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է անհապաղ դադարեցնել ատոմակայանի շինարարությունը, քանի դեռ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերն ամբողջությամբ չեն պարզաբանվել և համարժեք դիտարկվել։
Այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։
ՀՀ ՇՄ նախարարությունն այս պահին ուսումնասիրում է Երասխի մետաղաձուլարանի մասին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարի նամակի շուրջ թեման, Armenia Today-ին ասաց նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ խոստանալով պարզաբանմամբ հանդես գալ ավելի ուշ։
Հարցին՝ ստացե՞լ են նամակ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարից, թե ոչ՝ Հակոբյանն ասաց, որ առայժմ որևէ բան ասել չի կարող։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլը սկսվել է հունիսի 13-ին, երբ, ըստ ՊՆ-ի, ժամը 18:40-ի սահմաններում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխում տեղակայված հայ դիրքապահների ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ երկու օտարերկրացի՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամմադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը վիրավորվել են, նրանց վիրահատել են։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի միտումի մասին։
Երասխում կառուցվող մետալուրգիական կոմբինատի սեփականատերեր՝ ընկերության հիմնադիրները՝ « Virtual Funding» և «CSE Global Investments» ամերիկյան ընկերությունները հայտարարել են, որ գործարանի ադրբեջանական գնդակոծության շարունակությունը կդիտվի որպես «հարված ամերիկյան կապիտալին»։
Դիտե՛ք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժը Երասխի մետաղաձուլական գործարանի գնդակոծությունից հետո։