ՌԴ քաղաքացի հանդիսացող 30-ամյա տղամարդը ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչական շենքի 5-րդ հարկից ցած է նետվել և մահացել, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«2023թ. հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչական շենքում տեղի է ունեցել դժբախտ պատահար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մասնավորապես, օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՌԴ քաղաքացի հանդիսացող 30-ամյա, ազգությամբ ռուս անձի կողմից իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ ստանալու մասին:
«2023թ. հուլիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով), որոնք միացվել են մեկ վարույթում, կայացվել է նշված անձին թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալելու որոշում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ հուլիսի 20-ին, հարցաքննություն իրականացնելու համար, անձը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
«Տեսագրման պայմաններում և փաստաբանի ու թարգմանչի մասնակցությամբ անցկացվել է հարցաքննություն և դրան առնչվող անհրաժեշտ վարութային գործողություններ, որոնց ավարտից հետո վերջինս, հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող ելքի դուռը և բացվելուն պես անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 20-ին, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել և մահացել։