«Հանրային ձայն»-ի նախագահ Արտակ Գալստյանին ներկայացված մեղադրանքի ծավալն ավելացել է, հայտնում է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես, պարզվել են Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու դեպքերի նոր հանգամանքներ:
Նշվում է, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Արտակ Գալստյանը և Վարդան Ղուկասյանը, նախնական համաձայնությամբ, Տ.Ա.-ից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դիտավորությամբ վերջինիս և նրա կնոջ մասին արատավորող, նրա իրավունքներին կամ օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի եղանակով,2022թ. մարտին հեռախոսազանգի միջոցով ներկայացրել է վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 53.806.500 դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ:
Գերատեսչությունից հայտնում են, որ Տ.Ա.-ից ստանալով բացասական պատասխան՝ Վ. Ղուկասյանն իրագործել է իր և Արտակ Գալստյանի կողմից տրված սպառնալիքները և «youtube.com» կայքի իր անհատական էջով 2022-2023թթ. ընթացքում մի քանի անգամ հրապարակել է Տ.Ա.-ի և նրա կնոջ վերաբերյալ արատավորող տեղեկություններ:
Բացի այդ, Ա. Գալստյանը, փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ս. Սարգսյանի, Հ. Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, Ս. Սարգսյանի կողմից քաղաքացու դստեր խնամքը ստանձնելու, նրան իր հետ բնակվելու իրավական գործընթացի կապակցությամբ իրավաբանական օգնություն ցույց տալու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կնքմամբ քողարկելով իրենց իրական մտադրությունը, խաբեությամբ, 2021թ. ապրիլից մինչև 2023թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կնոջից մաս-մաս դրամական փոխանցման եղանակով և առձեռն Ս. Սարգսյանի միջոցով ստացել են 5.122.150 ՀՀ դրամ, խարդախությամբ հափշտակել այն՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Ա. Գալստյանը, փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Ս. Սարգսյանի և Հ. Խաչատրյանի հետ, խարդախությամբ Շ.Ա.-ից հափշտակվելիք 6.000.000 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նախնական համաձայնություն են ձեռք բերել: Այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով Հ. Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով, 2022թ. հունիսի 23-ին վերջինիս հետ ՍՊ ընկերության տնօրենը կնքել է ծառայությունների վճարովի մատուցման մասին ձևական պայմանագիր, ըստ որի՝ 6.000.000 ՀՀ դրամի դիմաց Ս. Սարգսյանը ձևականորեն ստանձնել է Հ. Խաչատրյանի պաշտպանությունը:
Պարզվել է նաև, որ Արտակ Գալստյանը Կ. և Լ. Ղուկասյանների, «Դոգ» մականվամբ Վ. Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, Շ. Բ.-ից շանտաժի եղանակով՝ վերջինիս և նրա մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2022թ. սեպտեմբերին Շ.Բ.-ին ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ։
2023թ. մարտի 4-ին «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակում քաղաքացին պահանջված 100.000 ԱՄՆ դոլար գումարից 15.000 ԱՄՆ դոլարը առձեռն հանձնել է Ա. Գալստյանին: Գիտակցելով ստացված գումարի հանցավոր ծագումը՝ Արտակ Գալստյանը իրենց հետ գործակցող փաստաբանական ընկերության փաստաբանի անվամբ կազմել է «Հաշտության համաձայնություն» վերտառությամբ փաստաթուղթ՝ անձնական հարցի կապակցությամբ քննվող դատական գործով հայցից հրաժարվելու դիմաց Շ.Բ.-ի կողմից Կ.Ղուկասյանին 15.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու և ևս 85.000 ԱՄՆ դոլար գումար հետագայում վճարելու պարտավորություն ստանձնելու մասին:
Կողմերը ստորագրել են նշված փաստաթուղթը՝ թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը։ Իսկ Ա. Գալստյանը նշված գումարից 2800 ԱՄՆ դոլարը հանձնել է Կ.Ղուկասյանին և նրա քրոջը:
Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա Ա. Գալստյանին ներկայացված մեղադրանքը փոխվել է: Լրացվել են նաև նշված վարույթի շրջանակում մեղադրյալ հանդիսացող մի քանի այլ անձանց մեղադրանքները ևս։ Նախաքննությունը շարունակվում է:
Ապրիլի 17-ին ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։