Ճեղքել Արցախի շրջափակումը բոլոր հնարավոր եղանակներով՝ ստեղծելով պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր փրկել են 44-օրյա պատերազմից հետո անտուն մնացած ու իրենց տերերին կորցրած ընտանի կենդանիներին: Երևանում հուլիսի 17-ին բացվեց լուսանկարիչ Նարինե Կարապետյանի լուսանկարների «Ծառայություն» ցուցահանդեսը:
Ցուցահանեսի հասույթով Արցախում անասնաբուժական կետ կհիմնվի, որը կհամակարգի «Վիվա» հիմնադրամը։ Այդ նպատակով էլ բացման միջոցառման ժամանակ զբոսայգու տարածքում ավանդական արցախյան ժինգյալով հաց էր թխվում, վաճառվում էին նաև թեմատիկ հուշանվերներ:
«Վիվա» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, «301. Իմաստության երկիր» հիմնադրամի համահիմնադիր, գործարար Գոռ Նահապետյանը համոզված է, որ փոքրիկ քայլերից սկսվում են մեծ հրաշքներ: Նա պատմում է` ինչպես է ծանոթացել լուսանկարչի հետ, որին մտերիմները Նարիկո են կոչում:
«Նարինեն պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ, այլ սիրողական, որը վեր է հանել որոշակի խնդիր: Նա մեծ խնդիր էր տեսնում այն բանի մեջ, որ շրջափակման մեջ ոչ միայն մարդիկ են մնացել, այլ նաև նրանց տան անդամները՝ ընտանի կենդանիները»,- ասաց նա՝ նշելով, որ կենդանիներ պահողների համար շատ դժվար է գիտակցել, որ չի կարող նրան նորմալ կերակրել կամ բուժել:
«Ցուցահանդեսը 30 պատմություն է մարդկանց մասին, 30 հուզիչ նկարագիր ընկերության, հավատարմության և կարեկցանքի մասին։ «Ծառայություն» նախագիծը պատմում է մարդու ու կենդանու կապի մասին»,- ասում է արվեստի ոլորտի փորձագետ, ցուցահանդեսի համակարգող Յուլիա Պոտապովան:
«301: Իմաստության երկիր» հիմնադրամի տնօրեն Գայանե Մանուկյանը կարծում է, որ ցուցահանդեսն առաջին հերթին անշահախնդիր սիրո և նվիրումի մասին է:
«Այսօր տալիս ենք մի նախագծի մեկնարկ, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «ո՛չ անտարբերների» նախաձեռնություն»,- ասաց Մանուկյանը:
Նարինեն պատմությունները հավերժացրել է Արցախի շրջափակման առաջին օրերից, երբ աշխարհից կտրված մարդիկ աջակցության ու համախմբման կարիք ունեին։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվեց 30 լուսանկար «անձնազոհ ծառայության» մասին նկարների շարքը։
Ծրագրի մասնակիցները պատմում են, որ համախոհներով որոշել ենք հանրայնացնել Նարինեի լուսանկարները: Սա արցախցի արվեստագետի երազանքն իրականացնելու և դրա միջոցով ընտանի կենդանիների մասին հոգ տանելու գաղափար է:
«Անասնաբույժներն այնքան էլ շատ չեն, նրանցից մեկը սպասարկում ու բուժում է կենդանիներին իր տանը»,- ասաց Նահապետյանը՝ տեղեկացնելով, որ նա նույնիսկ կաբինետ չունի:
«Վիվա» հիմնադրամը կապահովի Ստեփանակերտի անասնաբուժական կետը սարքավորումներով, ասում է «VIVA» հիմնադրամի նախագահ, համահիմնադիր, բժիշկ-թերապևտ Տատյանա Հովհաննեսյանը։
«Հուսով ենք, որ կբացվի ճանապարհն ու մենք կկարողանանք հասցնել ձեռք բերված ապրանքը: Դա այնքան էլ սովորական բժշկական տեխնիկա չէ, հատուկ անասնաբուժական է»,- ասում է նա:
«Երբ ասում ենք կյանք՝ դա միայն մարդկային կյանքերը չեն»,- ասում է ՀՀ-ում Արցախի մշտական ներայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը: Նա պատմում է, թե ինչպես են Արցախում ընտանի կենդանիները տաքացրել երեխաներին, երբ Արցախը նոր-նոր հոսանքազրկվել էր, իսկ փայտի վառարաններ չկային:
«Մենք բոլորս տեսնում ենք մահամերձ ու շնչահեղձ լինող Սարսանգը: Դա նույնպես մահ է: Մենք տեսնում ենք, որ կենդանական աշխարհում, Արցախում ունենք լրջագույն խնդիրներ»,- նշում է նա:
«Ծառայություն» ցուցահանդեսի կազմակերպիչները չեն պատրաստվում այսքանով կանգ առնել, կատակում են՝ երբեմն Instagram-ում ավելի շատ կատուներ ու շներ են լինում, քան մարդիկ և այս ցուցահանդեսը շրջափակման մասին հայտարարելու անսովոր միջոց է։
Խոստանում են ստեղծել կենդանիների պաշտպանության համար ստորագրահավաք և պատրաստվում են միջազգային կազմակերպություններում բարձրացնել Արցախի շրջափակման թեման՝ կենդանիների պաշտպանության խնդրի միջոցով։
«Մենք միջնորդություններ ենք ներկայացնելու այն մասին, որ թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները տուժում են այն ամենից, ինչ հիմա կատարվում է Արցախում»,- ասում է Գոռ Նահապետյանը:
Ցուցահանդեսը Արամի փողոցի վրա գտնվող Դիանա Աբգարի զբոսայգում կմնա մինչև հուլիսի 25-ը, այնուհետև՝ հուլիսի 26-ից օգոստոսի 10-ը, այն կտեղափոխվի Զվարթնոց օդանավակայանի շենք՝ բաց սահմանների աշխարհում շրջափակված Արցախի խնդիրը հնարավորինս լայն լուսաբանելու համար։