Հայաստանյան բանկերի մեծ մասը շարունակում է աշխատել «Յունիստրիմ» համակարգով: Դա պարզ է դարձել ԿԲ-ի կողմից լիցենզավորված 18 բանկերին Armenia Today-ի թղթակցի ուղղած հարցման արդյունքներից: Դրանք են Ակբա բանկը, Ամերիաբանկը, ԱյԴի բանկը, Արարատբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Արցախբանկը, Բիբլոս բանկ Արմենիան, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը, Էվոկաբանկը, Ինեկոբանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկ, Յունիբանկը, Ֆասթ բանկը, Մելլաթ բանկը, ՎՏԲ Հայաստան բանկը:
18 բանկից 7-ը հայտնեց, որ շարունակում են աշխատել համակարգի հետ որոշակի սահմանափակումներով (փոխանցումների քանակի սահմանափակում, օրական և ամսական առաքումների քանակ, սահմանափակումներ որոշ երկրներում):
Միևնույն ժամանակ, միայն «Արցախբանկ»-ն է, որ կատարում է նաև դոլարային փոխանցումներ։ Մնացած բանկերը հայտնել են, որ համակարգով աշխատում են միայն ռուբլիով և դրամով փոխանցումներով։
Հարցված 4 բանկ դադարեցրել է համակարգի սպասարկումը ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ընդգրկվելուց հետո, 4 բանկ մեզ տեղեկացրեց, որ երբեք չեն սպասարկել այն։
Ո՞ր բանկերն են աշխատում «Յունիստրիմ»-ի հետ
Ամերիաբանկը պարզաբանեց, որ բանկի միջոցով հնարավոր է փոխանցումներ ստանալ ռուբլիով և դրամով։ «Ռուբլի ուղարկելիս առավելագույն սահմանաչափ չկա, միջնորդավճարը պահվում է 1%-ի չափով»,- ասվում է բանկի զանգերի կենտրոնում։
Հայէկոնոմբանկը նշեց, որ իրականացնում է սպասարկումներ։ «Այս պահին ծրագրային խնդիր չկա, սպասարկում ենք։ Երկիրը կապ չունի, ուղղակի փոխանցումը պետք է լինի դրամով կամ ռուբլիով»,- հայտնեցին բանկի հեռախոսային կենտրոնում։
Էվոկաբանկը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ որևէ սահմանափակում չունեն։ «Այս պահին մենք սահմանափակումներ չունենք, ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող։ 1 օրվա փոխանցման սահմանաչափը 2 մլն ռուբլի է»,- նշեցին բանկի զանգերի կենտրոնում։
Յունիբանկը հայտնեց, որ որոշ երկրների հետ սահմանափակումներ կան։ «Ռուսաստանից Հայաստան փոխանցման խնդիր չունենք։ Ներկայում սպասարկվում է Ռուսաստանից։ Սակայն չի փոխանցվում Վրաստան և Իսրայել, իսկ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ արժութային սահմանափակում կա»,- նշեցին բանկի զանգերի կենտրոնից։
Ակբա բանկը հայտնեց, որ որոշ ԱՊՀ երկրենրի հետ կան համակարգի սահմանափակումներ։ «Ներկայումս կան երկրներ, որոնց հետ այն ժամանակավորապես դադարեցված է, դրանք են՝ Ուզբեկստանը, Ղրղզստանը և Վրաստանը։ Մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք. օրացուցային օրվա ընթացքում կա քանակական սահմանափակում՝ 6 փոխանցում, ոչ ավելի, քան 1 մլն ռուբլի։ 1 ամսվա ընթացքում գումարը պետք է կազմի 20 անգամ, կրկին ոչ ավելի, քան 1 մլն ռուբլի փոխացմամբ, իսկ եռամսյակի դեպքում սահմանաչափը ոչ ավել է, քան 3 մլն ռուբլին։
«Սահմանափակումները կապված չեն բանկի հետ, այլ համակարգի, և ազդում են համակարգից օգտվող բանկի վրա։ Մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք, երբեք չենք ունեցել։ Կարող են խնդիրներ լինել այն երկրների հետ, որոնց մասին ես ասացի»,- ասաց բանկի զանգերի կենտրոնում։
Արցախբանկը հայտնեց, որ ունեն ոչ միայն ռուսական ռուբլիով, այլ նաև ԱՄՆ դոլարով փոխանցումներ։ «Այո, ունենք. դոլարով փոխանցման առավելագույն սահմանաչափը 20 000 է, ռուբլով՝ 900 000»,- հայտնեցին բանկի զանգերի կենտրոնում։
Արարատբանկը տեղեկացրեց, որ իրենց բանկում միայն դրամ-ռուբլի փոխանցումներն են գործում տվյալ համակարգում։ «Համակարգը գործում է, սակայն միայն դրամ և ռուբլի արժույթով, մենք բոլոր երկրներ ենք փախնցում կատարում, թե ստացող կողմը կկարողանա ստանալ, պետք է տեղում ճշտել: Մենք ինքներս ցանկացած կետից ստանում ենք»,- ասացին բանկից:
Ո՞ր բանկերն են դադարեցրել համագործակցությունը Յունիստրիմի հետ
Հայբիզնեսբանկից հայտնեցին, որ դադարեցրել են «Յունիստրիմ»-ով աշխատել։ «Այս պահին ժամանակավորապես դադարեցրել ենք համագործակցել համակարգի հետ: Որպես այլընտրանք արագ փոխանցման համակարգերից առաջարկում ենք Intel Express, Money gram, Ria Express համակարգերը»,- ասացին զանգերի կենտրոնից:
Արդշին բանկը նշեց, որ դեռ անցած շաբաթ են դադարեցրել աշխատանքը համակարգի հետ։ «Այս պահին մեր բանկում համակարգը չի գործում։ Այս պահին մենք ունենք չորս համակարգ՝ Money gram, Moneytun, Ria Express և Intel Express: «Յունիստրիմը» չի աշխատում նախորդ շաբաթվանից»,- հայտնեցին բանկի զանգերի կենտրոնից։
Կոնվերս Բանկը տեղեկացրեց, որ արդեն հանդես է եկել հայտարարությամբ։ «Նախօրեին մենք մամուլի հաղորդագրություն հրապարակեցինք, որ դադարեցրել ենք այս համակարգի սպասարկումը»,- տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից:
Ինեկոբանկն էլ պարզաբանեց, որ անհայտ է՝ երբ կվերականգնվի համակարգի կիրառությունը։ «Ընդհանրապես աշխատել ենք, սակայն այս պահին դադարեցված է, ժամկետ դեռ չեմ կարող նշել՝ երբ կվերականգնվի»,- ասացին բանկի զանգերի կենտրոնից:
ԱյԴի բանկը հարցում կատարելու ժամանակ (հուլիսի 24-ին) դեռ աշխատում էր համակարգով, սակայն նյութը հրապարակելուց հետո` հուլիսի 28-ին, Armenia Today-ի հետ կապվեցին բանկի հաղորդակցման բաժնից և տեղեկացրեցին, որ հուլիսի 26-ից սկսած՝ բանկն այլևս չի աշխատում «Յունիստրիմ» համակարգով:
Ո՞ր բանկերը երբեք չեն աշխատել «Յունիսթրիմ»-ով
Էյչ-էս-Բի-Սի բանկը հայտնեց, որ կատարում են միայն Swift փոխանցումներ։ «Մենք «Յունիստրիմ» փոխանցումներ չենք կատարում, մենք կատարում ենք միայն Swift փոխանցումներ։ Մենք չենք աջակցում Moneygram-ին, «Յունիստրիմ»-ին:
Արտերկրից փոխանցումներ ընդունում ենք միայն Swift-ով, այսինքն՝ և՛ ստացողը, և՛ ուղարկողը պետք է հաշիվ ունենան մեր բանկում։ Մեզ մոտ միշտ այդպես է եղել»,- հայտնեցին բանկի զանգերի կենտրոնից։
Բիբլոս բանկ Արմենիան հայտնեց, որ արագ դրամական փոխանցումներ չեն կատարում։ «Մենք արագ դրամական փոխանցումներ չենք սպասարկում»,- հայտնեցին բանկի հեռախոսային կենտրոնում։
Ֆասթ Բանկն էլ հայտնեց, որ դեռ չի անցել միջազգային փոխանցումների։ «Տվյալ համակարգով փոխանցումներ չենք անում»,- ասացին բանկի զանգերի կենտրոնից՝ հավելելով, որ բանկն արագ դրամական համակարգեր դեռևս չի սպասարկում:
Արմսվիսբանկն իր հերթին ասաց, որ նման համակարգից երբեք չի օգտվել։ «Մենք արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ չենք իրականացնում»,- հայտնել են բանկի զանգերի կենտրոնից:
Կենտրոնական բանկը բանկերին որևէ ծանուցում չի ուղարկել
Armenia Today-ը հարցում է ուղարկել բաև Կենտրոնական բանկ՝ ճշտելու, թե արդյո՞ք բանեկրին ծանուցել է զգուշանակ «Յունիստրիմ»-ի հետ աշխատելուց:
«ՀՀ առևտրային բանկերը ինքնուրույն են որոշում, թե ինչպես են շարունակելու համագործակցությունը «Յունիստրիմ» արագ դրամական փոխանցման համակարգի հետ՝ ելնելով իրենց պայմանագրային պարտավորություններից և ռիսկերի կառավարման իրենց քաղաքականությունից»,- հայտնել է ԿԲ մամուլի ծառայությունը:
Նշել են նաև, որ ՀՀ առևտրային բանկերը պարտավոր են իրենց ռիսկերը կառավարել այնպես, որ ապահովեն իրենց հաճախորդների սպասարկման անընդհատությունը:
Յունիսթրիմ բանկը՝ համանուն վճարային համակարգի օպերատորը (խոշորագույններից մեկը Золотая Корона-ի և Contact-ի հետ միասին), հուլիսի 20-ին հայտնվել է ԱՄՆ-ի արգելափակող պատժամիջոցների տակ, ինչից հետո Frank Media-ն հայտնել է, որ մի շարք երկրների բանկերը, այդ թվում՝ Հայաստանում, սկսել են դադարեցնել համագործակցությունը Յունիսթրիմ համակարգի հետ։
Արևմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ The Wall Street Journal-ը և Financial Times-ը, նախկինում Հայաստանը անվանել էին Ռուսաստանին հակառուսական պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարման տարանցիկ երկրներից մեկը։ Մայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այդ թեման քննարկել է արևմտյան երկրների հետ և հանձնարարել է «խստորեն վերահսկել» աշխատանքը Ռուսաստանի հետ՝ Հայաստանի դեմ պատժամիջոցներից խուսափելու համար։
Նա մանրամասնել է, որ Արևմուտքի պատժամիջոցների տակ ընկնելու սպառնալիքը Հայաստանի համար կարմիր գիծ է Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 19-ին ընդգծել է, որ Երեւանը «չի պատրաստվում դառնալ պատժամիջոցները շրջանցելու հարթակ»։
Արաքսյա Սնխչյան